Շուն
Բինակար ֆորտե շների կաթիլներ 2 պիպետկա x 2մլ
SKU : 04261
Դեղամիջոցը կիրառվում է նաև կենդանիների վրա էկտոպարազիտների հարձակումը կանխելու նպատակով։
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԵՂԱՁԵՎ՝
Բինակար Ֆորտե դեղամիջոցի 1 մլ-ը որպես ակտիվ բաղադրիչներ պարունակում է իմիդակլոպրիդ՝ 80 մգ, ֆիպրոնիլ՝ 15 մգ և օժանդակ նյութեր։
Արտաքին տեսքով դեղամիջոցը թափանցիկ յուղային հեղուկ է՝ բաց դեղինից մինչև դեղնաշագանակագույն գույնի։
Բինակար Ֆորտեն թողարկվում է 0,4 մլ, 0,5 մլ, 1 մլ և 2 մլ տարողությամբ պոլիմերային խողովակ-կաթոցիկներով, որոնք փաթեթավորվում են 2 կամ 4 հատ՝ անհատական ստվարաթղթե տուփերում։ Յուրաքանչյուր սպառողական փաթեթավորմանը կցվում է օգտագործման հրահանգը և անասնաբուժական անձնագրի համար նախատեսված պիտակները։
ԴԵՂԱՁԵՎ՝
Արտաքին օգտագործման լուծույթ։
ԴԵՂԱԲԱՆԱԿԱՆ ԹԵՐԱՊԵՎՏԻԿ ԽՈՒՄԲ՝
Ինսեկտոակարիցիդային միջոցներ։
ԴԵՂԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ՝
Բինակար Ֆորտեի կազմում ընդգրկված ակտիվ բաղադրիչներն ունեն կոնտակտային հակամակաբուծային ազդեցություն շների և կատուների մոտ մակաբուծող լվերի՝ Ctenocephalides canis, Ctenocephalides felis, ոջիլների՝ Linognathus setosus, մազակերների՝ Trichodectes canis, Felicola subrostratus, և իքսոդային տզերի՝ Ixodidae, հասուն և թրթուրային փուլերի նկատմամբ։
Դեղամիջոցը պաշտպանում է կենդանիներին նաև մոծակների՝ Aedes aegypti, Culex pipiens, ճանճերի՝ Stomoxys calcitrans, և մլակների՝ Phlebotomus papatasi, Phlebotomus perniciosus, հարձակումներից։ Բինակար Ֆորտեի կանոնավոր կիրառումը նվազեցնում է կենդանիներին տրանսմիսիոն հիվանդությունների, այդ թվում՝ բորելիոզի, ռիկետցիոզի, լեյշմանիոզի, ինչպես նաև շների էրիխիոզի հարուցիչի և այլ հիվանդությունների փոխանցման հնարավոր ռիսկը։
Իմիդակլոպրիդը նեոնիկոտինոիդ է, որի ազդեցության մեխանիզմը պայմանավորված է մակաբույծի նյարդային բջիջների սպիտակուցային ընկալիչների աշխատանքի արգելափակմամբ, ինչի հետևանքով խանգարվում է նյարդային ազդակի հաղորդումը, առաջանում է կաթված և մակաբույծի մահ։
Ֆիպրոնիլը ֆենիլպիրազոլների խմբի ինսեկտոակարիցիդ է։ Դրա ազդեցության մեխանիզմը պայմանավորված է էկտոպարազիտների ԳԱՄԿ-կախյալ ընկալիչների արգելափակմամբ և նյարդային ազդակի հաղորդման խանգարմամբ, ինչը հանգեցնում է միջատների և տզերի կաթվածի և մահվան։
Համատեղ կիրառման դեպքում իմիդակլոպրիդը ուժեղացնում է ֆիպրոնիլի ինսեկտոակարիցիդային ազդեցությունը։
Դեղամիջոցը մաշկին կիրառելիս իմիդակլոպրիդը և ֆիպրոնիլը գործնականում չեն ներծծվում համակարգային արյան շրջանառություն, այլ կուտակվում են էպիդերմիսում, մազային ֆոլիկուլներում և ճարպագեղձերում՝ ապահովելով երկարատև կոնտակտային ինսեկտոակարիցիդային ազդեցություն։
Բինակար Ֆորտեով կենդանու մեկանգամյա մշակումը ապահովում է լվերի և տզերի ոչնչացումը 24 ժամվա ընթացքում։ Միջատների մահը տեղի է ունենում կենդանու մշակումից հետո 12–24 ժամվա ընթացքում։
Տզերի նկատմամբ պաշտպանիչ ազդեցությունը պահպանվում է մինչև 4 շաբաթ, իսկ միջատների նկատմամբ՝ 4–5 շաբաթ։
Օրգանիզմի վրա ազդեցության աստիճանով Բինակար Ֆորտեն դասվում է չափավոր վտանգավոր նյութերի շարքին՝ ըստ ԳՕՍՏ 12.1.007-76-ի վտանգավորության 3-րդ դաս։ Խորհուրդ տրվող դեղաչափերով մաշկին կիրառելիս դեղամիջոցը տեղային գրգռիչ և զգայունացնող ազդեցություն չի ունենում։
ԴԵՂԱՉԱՓԵՐ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԵՂԱՆԱԿ՝
Բինակար Ֆորտեն կիրառվում է մեկանգամյա՝ կենդանու չոր և չվնասված մաշկին, լիզելու համար անհասանելի հատվածներում։ Կենդանիների մշակումն անհրաժեշտ է իրականացնել բացօթյա կամ լավ օդափոխվող տարածքում։ Կիրառումից առաջ կտրել խողովակ-կաթոցիկի ծայրը, բաժանել բուրդը և դեղամիջոցը կաթիլներով կիրառել պարանոցի՝ գանգի հիմքի հատվածում կամ թիակների միջև՝ 3–4 կետում։
Դեղամիջոցի դեղաչափը կախված է կենդանու տեսակից և մարմնի քաշից։
ՓՈՔՐ ՑԵՂԱՏԵՍԱԿԻ ՇՆԵՐ ԵՎ ՁԱԳԵՐ՝ 0,5 ՄԼ ԽՈՂՈՎԱԿ-ԿԱԹՈՑԻԿՆԵՐ
2–5 կգ՝ 1 կաթոցիկ
5–10 կգ՝ 2 կաթոցիկ
10–20 կգ՝ 4 կաթոցիկ
20 կգ-ից ավելի քաշ ունեցող շների դեպքում դեղամիջոցը կիրառվում է յուրաքանչյուր հաջորդ 10 կգ մարմնի քաշի հաշվով 1 մլ-ի չափով։
ՄԻՋԻՆ ՑԵՂԱՏԵՍԱԿԻ ՇՆԵՐ ԵՎ ՁԱԳԵՐ՝ 1 ՄԼ ԽՈՂՈՎԱԿ-ԿԱԹՈՑԻԿՆԵՐ
2–5 կգ՝ 1/2 կաթոցիկ
5–10 կգ՝ 1 կաթոցիկ
10–20 կգ՝ 2 կաթոցիկ
20–30 կգ՝ 3 կաթոցիկ
30–40 կգ՝ 4 կաթոցիկ
40 կգ-ից ավելի քաշ ունեցող շների դեպքում դեղամիջոցը կիրառվում է յուրաքանչյուր հաջորդ 10 կգ մարմնի քաշի հաշվով 1 մլ-ի չափով։
ԽՈՇՈՐ ՑԵՂԱՏԵՍԱԿԻ ՇՆԵՐ ԵՎ ՁԱԳԵՐ՝ 2 ՄԼ ԽՈՂՈՎԱԿ-ԿԱԹՈՑԻԿՆԵՐ
10–20 կգ՝ 1 կաթոցիկ
20–30 կգ՝ 1,5 կաթոցիկ
30–40 կգ՝ 2 կաթոցիկ
40 կգ-ից ավելի քաշ ունեցող շների դեպքում դեղամիջոցը կիրառվում է յուրաքանչյուր հաջորդ 10 կգ մարմնի քաշի հաշվով 1 մլ-ի չափով։
ԿԱՏՈՒՆԵՐ ԵՎ ԿԱՏՎԻ ՁԱԳԵՐ՝ 0,4 ՄԼ ԽՈՂՈՎԱԿ-ԿԱԹՈՑԻԿՆԵՐ
1–2 կգ՝ 1/2 կաթոցիկ
3–4 կգ՝ 1 կաթոցիկ
4–8 կգ՝ 2 կաթոցիկ
Նվազագույն բուժական դեղաչափը՝ 0,1 մլ՝ կենդանու մարմնի քաշի յուրաքանչյուր 1 կգ-ի հաշվով։
Մշակման ընթացքում անհրաժեշտ է խուսափել դեղամիջոցի՝ կենդանու լորձաթաղանթներին ընկնելուց։ Մշակումից հետո 24 ժամվա ընթացքում կենդանուն չի կարելի լվանալ կամ լողացնել։
Իքսոդային տզերի, լվերի, ոջիլների և մազակերների ոչնչացման համար կենդանու մշակումն իրականացվում է մեկանգամյա։ Կրկնակի վարակումը կանխելու կամ միջատների հարձակումներից պաշտպանելու համար դեղամիջոցը կիրառվում է ամիսը մեկ անգամ՝ մակաբույծների ակտիվության ամբողջ սեզոնի ընթացքում։
Միջատների և տզերի խայթոցների հետ կապված ալերգիկ դերմատիտի բուժման և կանխարգելման դեպքում դեղամիջոցը նպատակահարմար է կիրառել ախտածնային և ախտանշանային թերապիայի միջոցների հետ համակցված։
Դեղամիջոցը պահպանում է իր արդյունավետությունը բրդի թրջվելուց հետո, սակայն մշակումից հետո անհրաժեշտ է խուսափել կենդանու երկարատև ջրում գտնվելուց։ Եթե դրանից խուսափել հնարավոր չէ, կենդանու լրացուցիչ մշակումն իրականացվում է Բինակար Ֆորտեով՝ անասնաբույժի հսկողության ներքո։ Լրացուցիչ մշակումները թույլատրվում է կատարել ոչ ավելի հաճախ, քան շաբաթական 1 անգամ։
Եթե անհրաժեշտ է կենդանուն լվանալ շամպունով, խորհուրդ է տրվում դա անել նախքան Բինակար Ֆորտեով մշակելը։
Կրկնակի վարակումը կանխելու համար կենդանու անկողնային պարագաները պետք է փոխարինել կամ մշակել ինսեկտոակարիցիդային միջոցներով՝ դրանց օգտագործման հրահանգներին համապատասխան։
Դեղամիջոցի առաջին կիրառման և դադարեցման դեպքում դրա ազդեցության առանձնահատկություններ չեն հաստատվել։ Անհրաժեշտ է խուսափել կիրառման սխեմայի խախտումներից, քանի որ դա կարող է նվազեցնել դեղամիջոցի արդյունավետությունը։ Հերթական մշակումը բաց թողնելու դեպքում այն պետք է իրականացնել հնարավորինս շուտ՝ նույն դեղաչափով և նույն սխեմայով։
ԿՈՂՄՆԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝
Դեղամիջոցը սույն հրահանգին համապատասխան կիրառելիս կողմնակի ազդեցություններ և բարդություններ, որպես կանոն, չեն դիտվում։ Անհատական գերզգայունության և ալերգիկ ռեակցիաների՝ կարմրության, քորի, առաջացման դեպքում դեղամիջոցը պետք է լվանալ ջրով և լվացող միջոցով, մաշկն ու բուրդը լվանալ մեծ քանակությամբ հոսող ջրով, իսկ անհրաժեշտության դեպքում կենդանուն նշանակել հակահիստամինային և ախտանշանային միջոցներ։
ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐ՝
Հակացուցում է կենդանու անհատական գերզգայունությունը դեղամիջոցի բաղադրիչների նկատմամբ, այդ թվում՝ նախկինում արձանագրված գերզգայունությունը։
Արգելվում է դեղամիջոցը կիրառել վարակիչ հիվանդություններով հիվանդ, թուլացած և ապաքինվող կենդանիների մոտ։
Բինակար Ֆորտեն չպետք է կիրառել 8 շաբաթականից փոքր և/կամ 1 կգ-ից պակաս քաշ ունեցող շների ձագերի, 8 շաբաթականից փոքր և/կամ 0,5 կգ-ից պակաս քաշ ունեցող կատվի ձագերի, ինչպես նաև այլ տեսակների կենդանիների մոտ։
Արգելվում է դեղամիջոցը կիրառել հղի և կրծքով կերակրող էգ կենդանիների մոտ։
ԳԵՐԴՈԶԱՎՈՐՈՒՄ՝
Դեղամիջոցի գերդոզավորման դեպքում կենդանիների մոտ կարող են դիտվել ընկճված վիճակ, թքարտադրության ավելացում, դող և փսխում։ Այս դեպքում խորհուրդ է տրվում դեղամիջոցը լվանալ ջրով և լվացող միջոցով և իրականացնել օրգանիզմից դրա հեռացմանն ուղղված ընդհանուր միջոցառումներ։
ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԱՅԼ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ՝
Բինակար Ֆորտեն չպետք է կիրառել այլ ինսեկտոակարիցիդային դեղամիջոցների հետ միաժամանակ։
ՀԱՏՈՒԿ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ՝
Դեղամիջոցը նախատեսված չէ արտադրող կենդանիների մոտ կիրառման համար։
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ՝
Դեղամիջոցի հետ աշխատելիս անհրաժեշտ է պահպանել դեղամիջոցների հետ աշխատանքի համար նախատեսված անձնական հիգիենայի և անվտանգության ընդհանուր կանոնները։ Աշխատանքի ընթացքում արգելվում է խմել, ծխել և սնունդ ընդունել։ Կենդանիների մշակումն անհրաժեշտ է իրականացնել ռետինե ձեռնոցներով։
Աշխատանքի ավարտից հետո անհրաժեշտ է ձեռքերը մանրակրկիտ լվանալ տաք ջրով և օճառով։ Մշակումից հետո 24 ժամվա ընթացքում կենդանիներին չի կարելի շոյել և թույլ տալ, որ փոքր երեխաները մոտենան նրանց։
Դեղամիջոցի բաղադրիչների նկատմամբ գերզգայունություն ունեցող անձինք պետք է խուսափեն դրա հետ անմիջական շփումից։ Դեղամիջոցի՝ մաշկին կամ աչքերի լորձաթաղանթներին պատահական ընկնելու դեպքում անհրաժեշտ է դրանք լվանալ մեծ քանակությամբ ջրով։ Ալերգիկ ռեակցիաների առաջացման կամ դեղամիջոցի բաղադրիչների՝ մարդու օրգանիզմ պատահական ներթափանցման դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական հաստատություն՝ իր հետ ունենալով օգտագործման հրահանգը կամ պիտակը։
Դեղամիջոցից մնացած դատարկ փաթեթավորումը չի թույլատրվում օգտագործել կենցաղային նպատակներով։ Այն պետք է տեղադրել պոլիէթիլենային տոպրակի մեջ և հեռացնել կենցաղային թափոնների հետ։
Չօգտագործված դեղամիջոցը պետք է հեռացվի գործող օրենսդրության պահանջներին համապատասխան։
ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ՝
Դեղամիջոցը պահել արտադրողի փակ փաթեթավորմամբ՝ արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանված վայրում, սննդամթերքից և կենդանիների կերից առանձին, 0–25 °C ջերմաստիճանում։ Դեղամիջոցը պահել երեխաների համար անհասանելի վայրում։
Դեղամիջոցը բաց է թողնվում առանց անասնաբույժի դեղատոմսի։
ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ՝
Պահպանման պայմանները պահպանելու և արտադրողի փակ փաթեթավորմամբ պահելու դեպքում դեղամիջոցի պիտանիության ժամկետը արտադրության ամսաթվից 3 տարի է։ Պիտանիության ժամկետի ավարտից հետո դեղամիջոցը կիրառելն արգելվում է։
Ունե՞ք կարծիք ապրանքի մասին:
Տվեք գնահատական և գրեք ձեր կարծիքը






